Սկսեմ նրանից, որ գնում էինք Լաստիվեր, Խաչենագետի կիրճ ու ջրվեժներ: Այդտեղ եղել էի մի քանի տարի առաջ ու մինչև հիմա էլ տպավորությունները թարմ են:
Դե սովորողներիս ամբողջ ճանապարհին պատմում եմ, ներկայացնում թե ինչ տեսարան է իրենց սպասվում երկար ու ձիգ արշավի վերջում:
Հասանք մի կետի, որտեղից երկու ճանապարհ է բացվում՝ աջ ու ձախ: Մեր վարորդը շատ վստահ էր, որ պետք է ձախ ճանապարհով գնանք, ինքն էլ կուղեկցի: Ախր տղամարդու ձախ ճանապարհին ոնց կարելի էր հավանություն տալ ու հետևից էլ գնալ… բայց դե գնացինք: Ենոքավանի անտառները, բնությունը հրաշք են: Լեռնային նեղլիկ կածաններով իջնում ենք ու իջնում: Իմ հիշողությունների ձորը չէր, այնտեղ կան նշաններ, որ ցույց է տալիս ճանապարհը, իսկ մեր ճանապարհը կարծես տանում էր անհայտնություն: Բայց լավ է չէ, որ բացահայտում ես չբացահայտվածը: Շուրջ երեք ժամ քայլել ենք դեպի կիրճ: Ճանապարհի առաջին հատվածում ընդարձակ հարթություններ էին ու տեսադաշտում անտառներ, իսկ ներքևում խորը ձոր: Ճանապարհը անընդհատ փոխվում էր ու արդեն տեսադաշտ չկար, փոխարենը անտառային արահետներ էին: Կարծես ջունգլիներով անցնեինք, իսկ փշոտ թփերը լիաններ լինեին, որոնք ամեն քայլին ծակում էին, կամ կպչում հագուստին: Մի բան է երբ լերկ սարերով ես քայլում լեռան լանջն ի վեր, այլ բան է, երբ գնում ես ի վար՝ դեպի ձորը: Լեռնային լանդշաֆտը փոխվում էր, անտառի սաղարթն ավելի էր խտանում, խոնավությունը մեծանում էր: Դա նշանակում է, որ մոտենում ենք գետին: Այո, նշմարվեց գետը: Բայց գետին հասնելու համար պետք է իջնեինք ժայռից: Որոշեցինք ռիսկի չդիմել, քանի որ գիշերվա անձրևից հետո հողը թաց էր, ժայռը սղլիկ ու իջնելը կարող էր անվտանգ չլիներ:
Պարզվում է մեր իրական նշանակետի հակառակ կողմից էինք իջել դեպի ձոր: Ճիշտ է իմ նկարագրած ու տեսած ջրվեժներին չհասանք, բայց սա էլ մի յուրօրինակ փորձություն ու հետաքրքրություն էր: Նախ զգացողություններն էին ամենատարբեր. սպասումով առաջ ես շարժվում, հետո հասկանում ես, որ բոլորովին այլ վայր ես գնում, միանում են վախը, կորելու զգացողությունները, հետո՝ համառությունը, նշանակետին հասնելու ցանկությունը: Իսկ այս բոլոր զգացողությունները լիակատար են դարձնում սեբաստացիական համերաշխ ու ուրախ խմբի ճամփորդները, ովքեր մի վարկյան չէին հուսահատվում ու ամեն ինչի մեջ դրական բան գտնում:
Հետադարձ ճանապարհը նույնպես արկածային ստացվեց: Ջունգլիներից մի կերպ դուրս պծանք ու մեր առջև բացվեց մի չնաշխարհիկ տեսարան. նայում ես և ուզում գոռալ հիացմունքից, հրճվանքից:
Ընդհանուր առմամբ քայլել ենք 4-5 ժամ՝ ձորն ի վար և ձորն ի վեր: Ջրվեժներին չենք հասել, բայց Լաստիվերը տեսնելու ցանկությունը դեռ չի մարել ու անպայման բացը պետք է լրացնենք:
Որպես ուղեցույց պետք է ասեմ, որ դեպի Լաստիվեր արշավային երթուղին կարելի է մեկօրյա ճամփորդական երթուղիների մեջ ներառել ապրիլից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթը՝ քանի դեռ օրը երկար է:
Առավոտյան 8.00-ին մեկնում:
11.00-ին մոտ հասնում ենք Ենոքավան գյուղ՝ իջնում եք Ապագա ռեզորտի մոտից (ով էլ որ լինի վարորդը՝ սիրելի, փորձառու, հարազատ, տեղացիներից մի հատ էլ ճշտեք իջնելու ճիշտ տեղը ու նոր առաջ շարժվեք)
Դեպի ձոր արշավը տևում է 2-3 ժամ՝ կախված խմբի արագությունից ու կանգնելու հաճախականությունից:
Ձորում արդեն ջրվեժներն են, գետի հունին մոտ եք անմիջապես լինում:
Մինչև 18.00 լավ կլինի արդեն լինեք Ենոքավան գյուղում: Անտառում շուտ է մթնում, որպեսզի ճանապարհը չկորցնեք:
Հուսով եմ, որ առաջիկայում նորից այս երթուղով կարշավենք ու էլ ոչ մեկ մեզ ձախ չի տանի:





















