Միշտ նախանձել եմ գնչուներին, շրջիկ կրկեսների դերասաններին… նրանք ազատ են, պտտվում են աշխարհով մեկ, կանգնում որտեղ ուզում են, տեսնում են աշխարհի ամենա-ամենաները, ապրում են անասելի զգացողություններ: Հենց ճանապարհներն են կյանքը դարձնում լեցուն, ճամփեքին հանդիպած մարդիկ դառում են պատմությանդ մի մաս. ոմանք փոթորկի պես են ներխուժում, ոմանք խաղաղություն են բերում, մյուսները ցասում են բերում, շատերը՝ սեր, ջերմություն:
Գնչու չեմ, բայց կյանքը բարեհաճ է եղել, ու ինձ էլ ճանապարհները ուր ասես որ չեն տարել. հարավ ու հյուսիս, մի ծովից մյուսը, սարից սար: Ու գիտեք հենց դա է երջանկությունը: Վերցնում ես ճամպրուկդ ու գնում: Տեսնում ես չտեսնվածը, զգում չզգացածը:
Այս անգամ գնում էինք դեպի երկրի հյուսիս արևմուտք, Հայաստանի ամենացուրտ շրջանը՝ Աշոցք: Ցրտի մեջ էլ ջերմություն կա, այն պետք է միայն զգալ: -30 աստիճան : Լսելը նույնիսկ ցուրտ է բերում իր հետ: Ճամփորդ սեբաստացիները հենց իրենք են եղանակը ստեղծում: Հայաստանի ամենացուրտ բնակավայրում, որտեղ օրեր շարունակ բուք է եղել մենք ամառ էինք բերել:
Տրամադրությունը տեսանյութում՝
Ճանապարհը
Գրավիչ է, ձգող… ինչքան հեռվանում ես Երևանից, այնքան ավելի ես մոտենում երկնքին: Երկնքի կապույտն ու սարերի ձյունը այնպիսի տպավորություն են ստեղծում, որ դու վեր ես բարձրանում: Արևն էլ է ավելի մոտ թվում և իր ճառագայթների մեջ է քեզ վերցնում: Դիմացդ Աչքասար գագաթն է. մտածում ես, որ մի քիչ էլ գնաս ու գագաթին կհասնես, բայց դա ուղղակիի աչքերի խաբկանքն է:
Ոտքերդ խրվում են ձյունի մեջ, ընկնում ես, դժվարությամբ բարձրանում, բայց մեկ է միայն հրճվաք է առաջանում:
Երկնքից արդեն իջնում ենք. կիճում անսահման սպիտակի միջից Մարմաշենի վանքի գմբեթն է վեր խոյանում: Տեսարան է, որ բացականչություններով ես արտահայտում զգացողություններդ: Ահա և սառած գեղեցկուհին՝ Ախուրյան գետը: Ամբողջ երկայնքով սառել է, ու մի ուրիշ հմայք է հաղորդում շրջակայքին:
Ձմեռը ես չեմ սիրում: Իմ տարերքը ջուրն է, ծովի ձայնն ու մարմինդ տաքացնող արևը, բայց արի ու տես, որ ձմռան հեքիաթը կարողանում է ինձ իր գիրկն առնել ու մանկական խենթ ծիծաղ պարգևել: Ձմռան այս հեքիաթում ազատությունն է իշխող, անաղարտությունը. այստեղ հեռու ես գաղջ առօրյայից, կեղծիքից, երեսպաշտությունից: Դու ես ու քո հեքիաթը:



