Տարվա չորս եղանակների ճանապարհը
Ամբողջ գիշեր տեղացող անձրևի կաթկթոցը հոգիս տակն ու վրա էր անում: Ամեն կերպ ինձ փորձում էի համոզել, որ դա վերևի հարևանի լվացքի ձայնն է ու աչքերս բացելու եմ սարերի հետևից վեր բարձրացող արևի շողերից:
Անձրևն իրական էր, որը ճանապարհին վերափոխվեց ձյան, իսկ Ապարանի ճանապարհին՝ մառախուղ ու բուքի, տեսանելիությունը՝ ցածր: Մեքենայի մեջ սովորողներիս ձայներն են՝ երգ, ուրախություն ու եղանակային այս փոփոխություններն արդեն չեն տխրեցնում: Սպիտակի ոլորաններից հետո աշխարհը փոխվեց՝ գարուն է, արև, կապույտ երկինք:
Վանաձորում կանգ առանք Դեբեդի Փամբակ վտակի մոտ: Արդեն տրամադրությունն այլ է: Գետը քչքչում է, ջուրն արագ-արագ վազում, կարծես ինչ-որ տեղ է շտապում: Մենք էլ շտապում ենք շարունակել մեր ճանապարհը:
Ճանապարհի ձախ կողմում ժայռերն են, որ ասես խոսում են մեզ հետ: Ահա ժայռերի մեջ նշմարվում է եկեղեցու գմբեթը՝ Քոբայրավանքը: Ախր ինչպես պետք է հասնենք այդ թաքնված գեղեցկուհուն: Բայց հենց դա է հետաքրքիրը, երբ գնում ես դեպի անհայտնություն, անմատչելիին հասնելու անհագուրդ ցանկությունը զորեղ է: Խուճուճ-մուճուճ ճանապարհներով, չորացած, բայց ձմռան քնից արթնացող անտառով բարձրանում ենք, բարձրանում: Բարձունքին ենք:
Տեսանյութում ամենն արտացոլված է.
Ժամանակի մեքենան
Այդ զգացողությունները վերափոխվեցին, երբ հասանք Ալավերդի:
Ասես միաժամանակ երկու տարբեր աշխարհներում լինենք՝ երկատված աշխարհ: Մի կողմից արթնացող բնությունն է, արագահոս Դեբեդն է, մյուս կողմից հանքարդյունաբերության ոտնահետքը` լերկ, սևացած լեռներ, կիսաավեր ու լքված շինություններ, մռայլ գործարանը, օդում կանգնած ճոպանուղին: Այս հատվածում կարծես ժամանակը կանգ է առել: Մենք էլ ապագայից եկել ենք անցյալ: Անցյալ, որտեղ ամեն բան այլ է… անցնում ես գնացքի գծերի վրայով՝ համոզված լինելով, որ գնացք այդտեղով չի անցնի, չէ որ անցյալում ենք: Մարդիկ էլ էին զարմացած մեզ նայում ու հարցնում, թե ինչու ենք հենց Ալավերդին ընտրել, ուրիշ լավ տեղ չկար:
Քաղաքի լույսերի վառվելուն պես՝ վերադարձանք իրականություն: Լույսերի արտացոլանքը ջրի միջից կենդանության նշան էր տալիս, աստղերն էլ երկնքից էին ժպտում, իսկ մենք` մեր ապրեցնող ձայներով, ծիծաղով քաղաքին վերակենդանացնում էինք, մեր սրտերի բաբախյունն այնքան արագ էր, այնքան իրական, որ դա միայն սիրուց է լինում: Սիրով ու ջերմությամբ լցվեց քաղաքը. անսպասելի սեր…















Սեր և դավաճանություն
Գետի ափով շարունակում ենք մեր արշավը՝ Ախթալա: Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։
Ախթալայի վանքին դեմ դիմաց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն է: Երկատված աշխարհի մի հատված էլ: Սեր և դավաճանություն. այսպես եմ վերնագրում այդ տեսարանը: Դավաճանություն բնության նկատմամաբ, որը ամբողջանում է Նահատակ պոչամբարով:
Արարիչն այս մարզում առավել քան շռայլ է գտնվել. սաղարթախիտ անտառներ, գետեր, լճեր և հարուստ ընդերք: Մարդն էլ՝ շատ ընչաքաղց. քամել է դարերով և քամում է մինչև օրս բնությունից ամենն, ինչ կարողանում է: Բա դավաճանություն չէ՞:
Կամուրջները
Անցյալն ու ներկան իրար կապող կամուրջները, սիրո կամուրջները, գետի ափերն իրար միացնող կիսաքանդ կամուրջները: Փայտերը շարժվում են, հնության բույրով են բուրում, 12-րդ դարի հիասքանչ Սանահինի կամուրջի պահապան առյուծներն էլ չեն կարողացել պահպանել իրենց վստահվածը: Քարերը պոկոտված, անխնամ, բայց տեսարանն ու զգացողությունները՝ աննկարագրելի:
Սիրո և հավատարմության պակաս կա: Կամուրջները քաղաքակրթության վկաներն են: Իսկ այստեղ կարծես քաղաքակրթությունը դեռ չի եկել: Սերը բառերով չի լինում, ապացույցի կարիք չի զգում, չի սիրում ցուցադրություն, կեղծիք: Այն կամ կա, կամ չկա:
Երկատված աշխարհին միավորող կամուրջներ են հարկավոր:
Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում տարբեր տարիների ճամփորդական տեսանյութերը կարող եք դիտել ներքևի տեսանյութերում։

















