Ինչ էլ որ լինի, երբեք մի դադարեք երազել: Երբ ինձ հարցնում են՝ ինչ երազանք ունես, ասում եմ՝ երազում եմ աշխարհքը ոտքի տակ տալ՝ օդում, ջրում և ցամաքում:
Երազանքներն իրականանալու հատկություն ունեն, բայց որ երեքը մեկում, դա ուղղակի հրաշք է: Թվում է ցամաքում ես, բեռնատարի անիվները առաջ են շարժվում լեռնային խորդուբորդ կածաններով, բայց մեկ էլ արի ու տես ճախրում ես երկնքում: Ճախրում ես արծիվի պես վեր ու միայն վեր, մեկ հոպ՝ ասես ձկնիկ լողում ես ջրում: Մեր պատմությունը Թռչկանի լեգենդին է նման:
Սարերի միջից գահավիժող այս հրաշքը իրականությունից վերացնելու հատկություն ունի: Դու էլ չես հասկանում ձուկ ես, արծիվ, թե լեռնային այծիկ, ով քարերի ու ջրերի միջով անարգել հայտնվում է ջրվեժի կողքին: Կաթիլների հետ պար բռնած` մասնակցում ես բնության պարահանդեսին:
Ջրի սառնությունն արագ սթափեցրեց ու հետ բերեց իրականություն: Իսկ այնտեղ մարդիկ էին՝ ուրախությունից ճչացող, նրանց զրնգուն ծիծաղն էր, որ խաթարում էր լեռների անդորրն ու ցնցում էր շուրջբոլորը:
Երբ հատվում են ճակատագիրն ու երազանքը…

















