Ճանապարհները չեն խելագարվում, չեն ծերանում, նաև չեն զգում ոչ ատելություն, ոչ սեր: Բայց տեսնում են, թե մարդիկ ինչպես են խելագարվում, սիրահարվում, ատում ու ծերանում:
Էնքան բան են տեսել ճամփեքն այս ծուռ ու մուռ, կարճ ու երկար:
Տարվա իմ եղանակը
Աշունն է իմ եղանակը… երփնավառ գույների խառնարանը, մի կերպ մարմինդ ջերմացնող արևի մեղմ շողերը, ծառերից կախված մրգերն ու գետի քչքչոցը: Աշունը, երբ մտքերդ ու զգացմունքներդ խառնվել են իրար, երբ սիրտդ երջանկությունից կծկվել է ու արագ-արագ բաբախում է… Լոռվա աշունն էր:
Մուտքն արգելված է
Բոլոր սերերն էլ ենթարկվում են փորձության, բոլոր սերերն էլ մի պահ կասկած են ապրում, աշնանային իմ սերն էլ բացառություն չեղավ: Խելագարվում էր իմ աշունը մարդկային չարիքից՝ թույնով լցված այդ ամբարը խամրեցնում էր գույները, բթացնում զգացմունքները…
Զգուշացեք, մոտենալն արգելվում է, վտանգավոր է:
Նրանք
Նրանք յուրահատուկ են, նրանք ժպտում են, նրանց ծիծաղի զրնգունը հասնում է սարերի կատարներին, նրանք անկեղծ են, անբիծ, սիրառատ:
Ժամանակի լուռ վկաները
Քոբայր, Ախթալա, Հաղպատ… անձայն հետևում են անցուդարձին, գնացող եկողին, քթի տակ առ Աստված աղոթք մրմնջացողին, պսակի խորհրդին, անհավատ անցորդին, հավատը սրտում պատն անցնող ծերունուն, այն երիտասարդ զույգին, որոնց ամոթխած հայացքները լուսավորվում են մոմի բոցկլտացող կրակից:
Ալավերդին, այդ ուրվականների քաղաքը, որտեղ ժամանակը կանգ է առել ու սպասում է ժամագործին… թիկ-թոկ, թիկ-թոկ:
Ճանապարհները չեն խելագարվում, չեն սիրում, նրանք մեզ կախարդում են ու հիմա էլ տանում դեպի աշուն, որը դարձել է կյանքի և բնության պայթյունի ավարտի խորհրդանիշը…