Տարվա չորս եղանակներ ունեցող երկրում ապրելը աստվածային պարգև է:
Դու կարողանում ես վայելել բնության զարթոնքը, անզուսպ հրճվել արևի ջերմացնող շողերից, հիանալ քամու և տերևների պարով և սարսափել սառցե թագավորության սառնությունից:
Առանձնահատուկ կիրք ունեմ ճամփորդելու։ Հայաստանն այնքան սիրուն է, ամեն անգամ այնքան նոր, որ կարող ես բացահայտել ու բացահայտել։
Ձմռան կախարդանքում
Սարսափազդու ցուրտն իր թագավորությունն է ստեղծել և կանչում է քեզ իր մոտ։ Օրը շատ հանգիստ էր, ցրտաշունչ և արևոտ, երբեմն ցնցող ցուրտ քամին մխրճվում էր հագուստից էլ ներս և դողէրոցք առաջացնում։ Մենք պինգվինների պես առաջ էինք շարժվում՝ մերթ ընդ մերթ ձյան հաստ շերտի մեջ թաղվելով։ Գետ ու լիճ ամուր պատվել են սառցե հաստ շերտով։ Քեզ ամենակարող ես զգում, երբ անցնում ես գետի վրայով․ ճռթ-ճռթ՝ լսվում է սառույցի ձայնը, որը տաքացել է արևից։ Բայց մենք շարունակում ենք մեկ գծով քայլել առաջ։ Օհոոո, հասանք․․․ Ձմեռային կախարդուհին կանգնեցրել է ժամանակն ամենուր․ ջրվեժը չի շառաչում, քարացել ու մնացել է անկենդան։ Այ քեզ հրաշք, սիրունագույն տեսարան է։ Ակամայից լսում ես ջրվեժի այդ խլացնող ձայնը, զգում ես ջրի կաթիլներից եկող սառնությունը։ Մեկ էլ արևը փայլում է՝ կուրացնող փայլով և աչքդ թարթում ես՝ նորից իրականությունն է, ցրտաշունչ ձմեռը։ Շուրջներս լցվել է աշխուժ թարմությամբ: Այնքան հեշտ է շնչելը։
Երեկոն
Ոգևորությունից եռացող մեր հոգիները արդեն խաղաղվել էին։ Նայում ես ձախ՝ լուսինն է թափանցում երկնակամարում, նայում ես աջ՝ արևն է բոսոր կարմիր երանգով գունավորում ձյունապատ լեռները:
Կապույտ անհունում գույների խաղ էր,սիմֆոնիա: Բառեր չեմ գտնում նկարագրելու այդ երևույթը: Կարծես հյուսիսափայլը լիներ. այ քեզ հրաշք: Բնությունը կատարյալ է:
Ջերմացնող կադրեր