Սերը որպես խորհրդանիշ

Սերն է ամեն ինչի հիմքում։ Էյֆելյան աշտարակն էլ բացառություն չէ։ Աշտարակը նույնպես մի սիրո պատմության խորհրդանիշ է։ Փարիզի՝ 324 մետր բարձրությամբ տեսարժան վայրը, ստեղծվել է Գուստաֆ Էյֆելի՝ Ադրիենի հանդեպ տածած սիրուց: Էյֆելը վտանգի ենթարկեց իր ողջ կարողությունը և ստեղծեց այդ աշտարակը սիրելիի վրա տպավորություն գործելու համար: Լեգենդը պատմում է, որ աշտարակի ուրվագիծը խորհրդանշում է Գուստաֆի սիրելի կնոջ՝ Ադրիենի անվան առաջին տառը՝ A: Այս սիրո պատմության խորհրդանիշը միանգամից չէ, որ դարձել է Փարիզի խորհրդանիշը և կարծիքներն էլ միանշանակ չեն եղել։ Սերն էլ է այդպես․ սկզբում չես զգում, հետո չես ուզում դրան սեր անվանել, հետո՝ դժվարությամբ ինքդ քեզ ես խոստովանում, իսկ հետո՝ ողջ աշխարհին։
Տրոկադերո հրապարակում, վեր էր խոյանում Էյֆելյան աշտարակը՝ այդ երկաթյա անգույն կառույցը, որին շատերն էին ատում, իսկ Դյուման այն անվանել է «Գործարանի հսկայական մեծ ծխնելույզ»։
Բայց ահա երեկոյան, երբ վառվում են քաղաքի լույսերը, այդ անգույն երկաթյա լեդին շքեղ փայլ է ստանում ու սկսում է պսպղալ՝ գրավելով անցորդների ուշադրությունը, որի կողքով անտարբեր չես կարող անցնել։
Փարիզը սիրահարների և սիրո քաղաք է համարվում։ Այդ սերը կարող եք տեսնել Էյֆելյան աշտարակի շուրջբոլորը համբուվող սիրառատ զույգերի տեսքով, որոնց արտացոլանքը ծածանվում է Սենայի սառնորակ ջրերում։
Մեկ այլ սիրո խորհրդանիշ է Փարիզի Աստվածամոր տաճարը։ Սերը և կիրքը ամենահզոր փորձառություններից են, որոնք կարող են ամբողջությամբ համակել մարդուն: Արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ գեղեցկուհի Էսմերալդայի և կուզիկ Կվազիմոդոյի սիրո պատմությունը գրավում է ամբողջ աշխարհի ընթերցողների և հեռուստադիտողների հոգին։

Աշխարհի ռոմանտիկ մայրաքաղաք, թե հայրենիքի կողմից մերժվածների ապաստան
Իրականում սիրո քաղաքի մասին իմ տպավորություններն էլ են շատ իրարամերժ։ Փարիզի կապույտ և խաղաղ երկնքից ներքև սառը ու գորշ քաղաքն էր, որտեղ մարդիկ՝ լույսի արագությամբ շտապում էին այս ու այն կողմ։ Սիրո քաղաքին բնորոշ՝ սիրուց փայլող, ժպտացող փարիզուհիների էլ չհանդիպեցի։ Ազգային դիմագիծը չէր նշմարվում այս քաղաքում։
Ֆրանսիացիները բավականին սառը մարդիկ են․ ջերմություն կա միայն ողջույնի` bonjour, բառի մեջ, որից հետո նրանք քո ոչ մի հարցին սպառիչ պատասխան չեն տալիս։ Զավեշտալի է, որ Ֆրանսիայում ապրող մարդիկ մինչ օրս իրենց երկիրը համարում են ժամանակակից աշխարհաքաղաքական կարևորագույն ուժերից մեկը: Ըստ երևույթին, այդ պատճառով է, որ նրանք լավ չեն խոսում անգլերեն, իսկ ինչ-որ տեղ ընդհանրապես չգիտեն կամ էլ չեն ուզում խոսել:
Փարիզը շատ դեմքեր ունի. ոմանց համար այն սիրահարների ապաստարան է, Սենի ափին ռոմանտիկ խնջույքների քաղաք, ոմանց համար՝ անտանելի աղբանոց, կեղտոտ փողոցների կենտրոն։ Անօթևան մարդիկ՝ աղքատության և ավերված կյանքի հոմանիշ։
Բայց ահա Հեմինգուեյը Փարիզի մասին ասում է․ «Եթե քո բախտը բերել է, և դու երիտասարդ տարիներին եղել ես Փարիզում, ապա որտեղ էլ որ լինես, նա քեզ հետ կմնա մինչև կյանքիդ վերջ, քանի որ Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է» ։
Իմ մեջ էլ ալեբախություն է հիշողությունների, համադրությունների, զգացողությունների։
Հոյակերտ ճարտարապետական կառույցները հայացքդ հափշտակում են և տանում դեպի պատմություն: Հենց Փարիզում է ծնվել գոթական ոճը, այստեղ կտեսնեք ֆրանսիական վերածննդի և դասական վերածննդի նշանավոր հուշարձանները, ինչպես նաև Նապոլեոն III-ի կառավարման ժամանակաշրջանի ճարտարապետական ոճի օրինակներ։
Լուվրում քեզ համեստորեն «կժպտա» Ջոկոնդան, իսկ Կարավաջոյի «Բախտագուշակը» ապագայիդ մասին խորհուրդներ կտա։ Վերսալի թագավորական պալատում քայլելիս՝ կտեղափոխվես 1600 ական թվականներ և ակամայից քեզ կզգաս արքունական պալատի տիրուհի։
Նապոլեոնի հաղթանակների մասին կհիշեցնի Հաղթական կամարը, որը հզորություն, ուժ, ճարտարապետական յուրահատուկ հայացք փոխանցող հսկա կառույց է։
Մոնմարտում հասկանում ես ֆրանսիցի գրող Սագան Ֆրանսուազայի խոսքերը․ «Փարիզը ընտրյալների քաղաք է»։ Մոնմարտրը մինչ օրս պահպանում է երկրի անկրկնելի հմայքը։ Այն Փարիզի արվարձանում փոքրիկ անկյուն է, որը 19-րդ դարի վերջի բոհեմիայի հայտնի հանգրվանն է: Ժամանակակիցի և հնության խառը լուծումներով թաղամաս։ Այստեղ կա այն շունչը, որը փնտրում էի Փարիզի կենտրոնում զբոսնելիս։ Նեղլիկ փողոցները, հանրահայտ Մուլեն Ռուժը, Սուրբ սրտի բազիլիկը և այդ բարձունքից ափիդ մեջ հայտնվող քաղաքը․․․
Դե, ինչ, դուք դեռ հարցնում եք․ «Տեսնել Փարիզը և նոր մեռնե՞լ»: Որոշեք ինքներդ, բայց միայն այնտեղ լինելուց հետո:
Ֆոտոշարքը Փարիզից․․․հուլիս 2023














