Հայաստանն ունի բազմադարյա պատմություն: Նրա անունը հիշատակվում է այնպիսի հինավուրց քաղաքակրթությունների կողքին, որոնցից շատերը հիմա գոյություն չունեն։ Դարերի հորձանուտով անցած մեր երկիրը տարիքն առնելով շատ է փոքրացել։ Տարիքը չի խամրեցրել նրա համայքը, վեհությունը։
Հայը պատմության մացառուտներն անցնելիս՝ հաճախ է կորուստներ ունեցել, բայց սերն առ հայրենիք այնքան ուժգին է եղել, որ հողն արյունով է պահել: Ու մեր լեռները հպարտ կանգնած են մնացել:
Մեր օրեր
Հայաստան՝ 29800 կմ քառ տարածք և 2 միլիոն հայրենասեր: Այսօր բոլորն են խոսում հայրենասիրությունից, բայց ոչ բոլորն են դրա էությունը հասկանում:
Յուրաքանչյուր ժողովրդի համար հայրենիքը և հայրենասիրությունը գերագույն արժեքներ են: Հասկանալի պատճառներով հայ ժողովրդի մոտ այդ գիտակցութունն առանձնահատուկ է նրանով, որ պատմական անցյալում հայրենիքի մեծ մասը կորցնելով, այդ արժեհամակարգն ընկալվում է որպես հուզական-զգացմունքային արժեք:
Հայրենասիրության հիմքում ընկած են հոգևոր-բարոյական և սոցիալ-մշակութային տարրեր: Հայրենասերը հայրենիքի հետ իր անբաժանելի լինելն ու միասնականությունը գիտակցող անձն է:
Այսօր հայրենասիրության արժեքները շատ են ձևախեղվել…
Լոկ բառերով չեն սիրում երկիրը: Մեր վարքով, նվիրումով, մի թիզ մնացած հողը շենացնելով են սեր խոստովանում:
Ամեն անգամ Հայաստանի ճանապարհներով անցնելիս՝ հասկանում եմ, որ մենք այդ վեհ «տիկնոջը» ամեն օր խոցում ենք, արնաքամ անում ու հետո ասում ենք թե սիրում ենք:
Գլխատում ենք սարերն ու բլուրները և ավազահանքի փոշով խեղդում հարակից գյուղերն ու բնակավայրերը, հիանում ենք Սևանա լճի փիրուզե երանգով՝ չգիտակցելով, որ կանաչեցրել ենք մեր սիրելի լիճը, որ այդ գույնը հիվանդության SOS-ն է:
Թույնով ենք լցնում գետերն ու լճերը, բայց սիրում ենք մեր հայրենիքը:
Երևան-Սևան մայրուղին մեր «հայրենասիրության» իրական դրսևորումներից մեկն է: Երբեմնի հպարտ կանգնած սարերը խեղճացած են, մասնատված, ամայացած:
Այդ հատվածով ամեն անգամ անցնելիս՝ ցասումս չեմ կարողանում զսպել: Այսպես ենք հա՞ սիրում մեր երկիրը…
Հայրենիքը բառերով ու բաժակաճառերով չեն սիրում…
Լուսանկարներում գլխատված սարերն ու կանաչած Սևանն է:







