Սարերն ավելի ազնիվ են, քան մարդիկ

Լեռներում անհավանական զգացողություններ ես ապրում՝ վախ, հիացմունք, ազատություն։ Մերթ զգում ես նրանց ուժը, հզորությունը, մերթ ընդհակառակը՝ նրանք վայրի ու մռայլ են թվում։

Լեռներում կարող ես կյանքը փոխանակել անսահման երանության հետ՝ վայելելով ազատության բերկրանքը։ Այստեղ դու ամեն վատ բան թողնում ես ներքևում, հոգիդ խաղաղվում է՝ ձուլվելով անհոգ ճախրող ամպերին։
Լեռները քայլեր են դեպի երկինք, ուր մենք գնում ենք սկզբում շատ վստահ, ապա վախերով, դժվարությամբ, բայց հասնելով երանելիին՝ թևեր առած սավառնում ենք վեր, դեպի վեր ու էլի վեր։

Նստեցինք  մեքենաներն ու սլացանք լեռնային արահետներով՝ հետևում թողնելով  մարդկանց, գյուղերը, արոտավայրերը։ Մեքենաների բաց տանիքներից քամին, ներս սողոսկելով, մեղմում էր արևի կիզիչ շոգը։ Լեռն ի վեր ճանապարհը հիասքանչ է։ Քեզ ուղեկցում են ժայռերը, լեռնային քարանձավները, սարերի կատարները շոյող թանձր մառախուղը։

Դիմաց լեռան նկարները վերջին շրջանում շատ էին հանդիպում համացանցում, ինչը մեծացնում էր ինձ մոտ այդ հիասքանչ տեսարանը վայելելու ցանկությունը։ Լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս։

Մեր խումբը անասելի ցանկությամբ սպասում էր գագաթին հասնելուն։ Հասանք․․․

Այ քեզ տեսարան․․․բնությունը ժայռերից կերտել է աննման գլուխգործոցներ, իսկ լեռան վրայից բացվող տեսարաններն ուղղակի շունչ կտրող են։ Կարծում եմ մենք այն բախտավորներից էինք, ովքեր գագաթին ականատես եղան արևի ու մառախուղի պայքարին։ Մառախուղը ծածկում էր արևը, նույնիսկ իրար չէինք տեսնում։ Ժայռի ծայրին նստած՝ նայում էի ներքև, կարծես անդունդ լիներ ոտքիս տակ, անհայտնություն։ Բայց ահա  նորից երկնակամարում շողում էր արևը, ու ժայռերը տեսանելի էին դառնում, երևում էր կանաչը, սարերը գլուխները վեր էին բարձրացնում, և սիրտդ նորից լցվում էր հավատով, սիրով։ Լեռան գագաթին օրն ուրիշ է․․․

Սարերում ազնվություն կամ խաբեություն չկա…

Оставить комментарий