Աշնան վերջին օրերն են: Արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ, ջերմացնում է սիրտդ ու հոգիդ: Խունացած տերևների խշշյունն է նաև հիշեցնում աշնան մասին:
Քայլում եք Աշտարակ քաղաքի փողոցներով. ուրույն դիմագիծ ունի այս քաղաքը: Հին տներ, աչք շոյող պատշգամբներ, ընկուզենիներ և մարդիկ` իրենց առօրյայով ու նաև մենք` մեր երազկոտ ժպիտներով, անկանոն քայլքով,փնտրող և գտնողի հիացական հայացքներով:
Իրար հետևից մեզ դիմավորում ենք երեք քույրերի անձնուրաց սերը խորհրդանշող եկեղեցիները` Սպիտակավոր, Ծիրանավոր, Կարմրավոր:
Սպիտակավորը կանգնած է անմիջապես ձորի բերանին: Գլխապտույտ առաջացնող տեսարան է, որ բացվում է դեպի Քասախի կիրճ: Մտքերդ այդտեղ այս ու այն կողմ են թռնում, սիրտդ արագ բաբախում է, բայց մտնելով եկեղցի` աստվածային խաղաղություն է իջնում վրադ:
Քայլում ենք…Ջրաղացի կամուրջն է, իսկ դիմացդ` սուրբ Սարգիս եկեղեցին: Այն բազմած է փոքրիկ բլրի վրա, որտեղից քաղքան է երևում իր ողջ հմայքով:
Քայլքն ամփովեց ջրաղացի մոտ` Քասախի ափին: Գետի քչքչոցին խառնվեցին սեբաստացիների ձայները և գորշ աշնան տրամադրությունն անմիջապես երփնավառ դարձավ:
Աշնան խճանկարը յուրահատուկ է օրվա ներկաներից յուրաքանչուրի ժպիտով ու տրամադրությամբ:





























