Հայ ժողովուրդը մեծ պատմություն ունի իր թիկունքի հետևում: Իսկ այդ պատմությունը գրքերում պետք չէ փնտրել: Պետք է նստել մեքենան ու ճամփա ընկնել: Այդպես են անում սեբաստացիները և ամեն անգամ մի նոր բան են բացահայտում, մի անհայտություն են հայտնի դարձնում:
Այս անգամ անիվները տանում էին հարավ:
Հարավային ողնաշարն ի վար
Ամեն քայլից աշխարհը փոխվում է. մի քանի տասնյակ կիլոմետր ու Մեղրու չոր մերձարևադարձային գոտուն հաջորդում են Կապուտջուղի մշտական ձյունապատ լանջերը, փարթամ սաղարթով լանջերին՝ հանքարդյունաբերությունից կոտրվող ողնաշարը: Խորունկ կիրճեր, արագահոս գետեր, շառաչուն ջրվեժներ, սարավանդներ, քաղցրահամ և հանքային ջրեր, պղնձի ու մոլիբդենի հանքեր, թունավոր պոչամբարներ, վանքեր ու բերդեր… սա է Հայասատանի հարավը:
Կյանքը հարավային սահմանին՝ Մեղրի
Մեղրին յուրահատուկ քաղաք է. մի տեսակ հեռու, կտրված աշխարհի աղմուկից: Ամենուր քեզ ուղեկցում են մեղրագույն լեռների սրածայր գագաթները: Քաղաքը ինքնատիպ է՝ բացօթյա ամֆիթատորնի տեսք ունի, որտեղ Մեծ ու Փոքր թաղերի բազմաթիվ աստիճանները բարձրանանում են վեր: Փոքր թաղի նեղլիկ փողոցներով քայլելիս ինձ զգում էի եվրոպայում: Իսկ տները հիշեցնում են բրազիլական «սոբրադո» կոչվող թաղամասը. Մեղրիի տների կտուրներից դուրս ես գալիս մյուսների բակ ՝ նեղլիկ փողոցներ, ավանդական պատշգամբներ, որոնց հմայք են տալիս թզի ոսկեգույն շարանները:
Հայաստանի քաղքաների կոլորիտը միմյանցից շատ է տարբերվում՝ Գյումրի, Վանաձոր, Գավառ, Գորիս. մեկը մյուսից տարբեր, իրար չկրկնող քաղաքներ են: Մեղրին կարծես մշակույթների ու ճարտարապետության խտացում լինի: Եկեղեցիներում պահպանված մանրանկարների յուրահատկությունը չկա ոչ մի տեղ: Արաբական, եգիպտական, պարսկական անապատների շունչը հաղորդող շինությունները շփոթեցնում են. կորում ես ժամանակի մեջ:
Իսկ գիտե՞ք ամենից զիլը որն է: Մեղրիում ապրում էինք ոչ թե ինչ-որ հյուրանոցում, այլ Խաչաց տանը :Մեղրիի ամենահին տներից է, որն ունի շուրջ երկուդարյա պատմություն և եղել է տասնյակ սերունդների բնակավայր, որոնք ապրել և թողել են իրենց հետքը: Տանը կա ցուցասրահ, որտեղ կարող եք ծանոթանալ Խաչիկյանների ընտանիքի տաղանդին, գինու նկուղ, հայկական ավանդական թոնիր, բուխարի, ինչպես նաև անթիվ ձեռագործ հուշանվերներ: Շփվում ես տան տիրոջ հետ, լսում պատմություններ մարդկանց կենցաղից, կրակ ես վառում ավանդական թոնրում, թուզ ես ուտում այգու ծառից… Ու դա Մեղրու հին թաղում է՝ թաղի միջավայրով ու դիմացդ վեր խոյացող Զանգեզուրի լեռների տեսարանով:
Դռները
Իսկ դուք գիտեի՞ք, որ Մեղրու հին տների դռան փականներն էլ են յուրահատուկ: Կա երկու փական՝ մեկը կարճ, մյուսը երկար: Երբ կին էր հյուր գնում, կարճ փականով էր թակում դուռը, իսկ տղամարդիկ՝ երկար: Տանտերը ձայնից արդեն գիտեր կին, թե տղամարդ է դուռը թակողը:
Հրապարակի ժամը
Մեղրիում ճարտարապետական տեսքով տարբերվող այս շենքը կառուցվել է անցյալ դարի 50-60ականներին՝ իբրև մշակույթի տուն:Քաղաքում միակ շենքն է՝ երեսպատված բերովի հրաբխային տուֆաքարով: Այժմ հրապարակի ժամի շենքում գործում է Մեղրիի գեղագիտական կենտրոնը: Ի դեպ, Մշակույթի տունը կառուցվել է հայկական ծագում ունեցող ռուս ճանաչված դերասան Դմիտրի Խառատյանի նախնիների տան տեղում:
Հնագույն կամուրջներ
Կամուրջներն էլ առանձնհատուկ հմայք են հաղորդում քաղաքին, պատմական նրբերանգ կա, հնության շունչ:
Մեղրուց Շվանիձոր ճանապարհն անցնում է հայ-իրանական սահմանով՝ Արաքս գետով: Սահմանը ունի 35 կմ երկարություն:
Երկաթգիծը
Մեղրի-Կապան երկաթուղին անցնում էր Հայաստանի հարավային սահմանագծով, մոտ 40 կմ էր, Երևան-Բաքու երկաթուղու մի մասն էր։ 90-ականների սկզբին Ադրբեջանը փակեց երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ, ապա դադարեց նաև Մեղրի-Կապան երկաթգծի գործունեությունը։Այժմ մնացել է միայն կայարանի կիսավեր շենքը:Վերջին գնացքն այս կայարնով անցել է 1989 թվականին:
Շվանիձոր
Շվանիձորում հյուրըկալվել էինք գյուղի պատմության ուսուցչի տանը: «Մենք ոսկի ենք արտադրում»,- ասում է ուսուցիչը: Թզի մասին է խոսքը, որը Շվանիձորի ոսկին է: Ըստ ուսուցիչ Կարենի, եթե չլինի գյուղի ջրի խնդիրը, ապա միայն Շվանիձորի բերքով ողջ Հայաստանին կպահեն: Խնդիրը նրանում է, որ Մեղրի գետի ջրերով ոռոգվում են հարակից չորս գյուղերը ու ամռանը ջուրը չի հերիքում ոռոգման համար, հարկավոր է օգտագործել սահմանային Արաքսը ու խնդիր կլուծվի: Ջրամատակարարումը կատարվում է Քարեզե կոչվող ջրամատակարարման եզակի համակարգի միջոցով։ Այս համակարգը կիրառելի է եղել ուրարտական ժամանակաշրջանից ի վեր, և դեռևս պահպանվել է Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հայաստանի որոշ վայրերում։ «Քարեզն» ունի եգիպտական ծագում. այս համակարգի սկզբունքը ստորգետնյա ջրերը վեր մղելու միջոցով հողատարածքների ոռոգումն է:
Լիճք, Զվարի ջրվեժներ

Երկրի սահմաններն ամուր պահելու գրավականներից մեկը սահմանամերձ գյուղերում մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնելն է, շեները զարգացնելն է: Իսկ մենք ի՞նչ ենք արել. սահմանամերձ Լիճք գյուղում մետաղական հանքի նախագծի մեկնարկի փուլում գյուղը դատարկել ենք: Բնակիչները տները էժան գներով վաճառել են ու գնացել՝ Մեղրի, Ագարակ, այլ բնակավայրեր:
Լիճքն իր բնությամբ կարող էր էկոգյուղ դառնալ, զբոսաշրջիկների համար սիրելի ու ցանկալի մի երթուղի: Տները կարելի է վերանորոգել ու գիշերակացի համար օթևաններ ստեղծել: Արժե 400 կիլոմետր կտրել ու հասնել Լիճք: Բայց հանքահենները կոտրել են հարավային ողնաշարի այս հատվածը նույնպես, ամայացրել են գյուղը:
Ուրախալի է, որ բնակիչների մեջ գտնվել են իրենց հողը սիրողներ, ովքեր պայքարել են մաքուր օդի, կանաչ սարերի, սառնորակ ջրվեժների համար: Հանքարդյունաբերության նախագիծը կասեցվել է, բայց մեկ է գյուղը դատարկվել է:
Ջրվեժները թաքնված են սարերի արանքում: Քայլում ես լեռնային նեղ կածաններով, մեկ էլ աչքիդ առաջ հրաշք տեսարան է բացվում. կարծես երկնքից ջուր է թափվում: Այդպես շուրջ երեսուն ջրվեժների կասկադ: Բա սա բնության հրա՞շք չէ: Բնության հետ պետք է ներդաշնակ ապրել, որ նրա ուժը զգաք:
Հայաստանի հարավը քիչ է բացահայտված: Մեր խմբի անդամներից ոչ մեկը Մեղրիում չէր եղել:
Սեբաստացի ճամփորդները
Ախ այդ ճամփորդներս… շատերի հետ քանի-քանի ճամփա եմ անցել: Հումորի չափաբաժինն անսահման է, էնքան ծիծաղ են պարգևում, որ կյանքդ երկարում է: Մի քիչ փնթփնթան են. «վաաա՜յ էդքան հեռու», «էէէ՜ պիտի՞ բարձրանանք», «կլինի՞ ես չիջնեմ»: Բայց դե ով է փնթփնթոցին նայում ))) չէ որ դրան հաջորդում են ոգևորության ձայները.
-Ի՜նչ սիրուն է:
-Վաա՜խ, ինչ հավես էր:
-Եկե՛ք երկար մնանք:
Յուրահատուկ են բոլորը, անհատներ են, բայց կարևորը ճանապարհային մի լավ թիմ են. իրար օգնող ու աջակցող: Յուրաքանչյուրի մեջ մարդկային էնքան բացառիկ հատկանշներ կան, որ խտանում ու դառնում են սեբաստացի իմ ճամփոդ ընկերները:
Շնորհակալ եմ, որ դարձաք իմ այս խենթ ճամփորդության մասնակիցը, օգնեցիք ինձ բարձունքը հաղթահարել, ձորը իջնել ու ես կրկին շարժվեցի:
Կցում եմ ճամփորդապատումներն ու ֆոտոպատումները
- Ուղեցույց
- Հարավային ողնաշարն ի վար՝ Մեղրի
- Հարավային ողնաշարն ի վար. Լիճքի ջրվեժներ
- Պատմական Մեղրի
- Խաչաց տան թոնիրը
- Հարավային ողնաշարն ի վար. Լիճք գյուղ
- Հարավային ողնաշարն ի վար.Կապան
- Հարավային ողնաշարն ի վար. Արծվանիկի պոչամբար
- Կյանքը հարավում
- Անգույնի երանգ դարձած
- Անգույնի երանգ դարձածՈ՞վ ավելի շատ սեր տվեց.ե՞ս,Մեղրի՞ն,թե՞…
- Մի քաղաք էլ ջնջեցի ցուցակից
- Բնությունն է արվեստի արարիչը
- Հարավային ողնաշարն ի վար. առաջին օրվա ֆոտոքրոնիկոնՀարավային ողնաշարն ի վար. երկրորդ օրվա ֆոտոքրոնիկոն
Հարավային ողնաշարն ի վար. երրորդ օրվա ֆոտոքրոնիկոն
Հարավային ողնաշարն ի վար. չորրորդ օրվա ֆոտոքրոնիկոն
Հարավային ողնաշարն ի վար. հինգերորդ օրվա ֆոտոքրոնիկոն








