Ճամփորդությամբ ուսուցման ստուգատես

Հուլիսի 10-16-ը կրթահամալիրի հետազոտական վարժարանի սովորողների 30 հոգանոց խումբը մասնակցում էր միջազգային փառատոնի Մոնտենեգրոյում։

Չնայած նրան, որ կրթահամալիրը միջազգային ճամբար-ճամփորդությունների տարիների փորձ ունի, այնուամենայնիվ, մի բան է, երբ սովորողները մասնակցում են Միջազգային ճամբարի (Իզմիր, Անակլիա)՝ նրանց ծրագրով, կազմակերպիչներով, այլ բան է, երբ ամբողջ ծրագիրը և կազմակերպումը իրականացվում է կրթահամալիրի դասավանդողների կողմից։

Նախագծի հաշվետվության մեջ կփորձեմ մանրամասն ներկայացնել միջազգային փառատոնի մասնակցության կարևորությունը, շարունակականությունն ու զարգացմանն ուղղված առաջարկները։

Ինչպես հայտնի է, նախատեսվում էր իրականացնել սեբաստացիական առաջին ուխտագնացությունը դեպի Մխիթարյան միաբանություն։ Հանգամանքների բերումով ուղղությունը փոխարինվեց։ Ընտրեցինք այնպիսի ուղղություն, որտեղ վիզա ստանալու խնդիր չկա և հնարավոր կլինի առանց խոչընդոտի ուղևորվել։

Ինչպես կրթահամալիրային բոլոր ճամփորդական նախագծերն, այնպես էլ այս, ուղարկվել է սովորողների էլեկտրոնային հասցեներին, որպեսզի ծանոթանանև հայտագրվեն։ Արդյունքում ձևավորվեց 9-12-րդ դասարանների սովորողներից կազմված 30 հոգանոց նախագծային խումբը։

Կուզենամ հենց հաշվետվության սկզբում առանձնացնել ՀՊՉ-ով որոշված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, որոնք սովորողները ձեռք են բերել հենց այս ճամփորդության շնորհիվ․

  • առնվազն երկու օտար լեզվով, համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով,
  • ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից,
  • դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում,
  • ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում,
  • կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում։

Ուսումնական ճամփորդությունները  կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով և ինքնուրույն ուսումնական նախագիծ են (մեջբերում կարգից)։ Կրթական ծրագրով որոշված օրացուցային, առարակայական ծրագրի ճամփորդությունները սովորողների մոտ ձևավորում են այնպիսի կարողություններ, հմտություններ, արժեքներ, որոնք ամբողջ կյանքի համար են։ Միջազգային ճամփորդությունների, ճամբարիների ժամանակ սովորողները սովորածի ինքնատիպ ստուգատես են անցնում։

 

Եթե դուրս գանք չափորոշչից և իրական կյանքի բառերով փորձենք նկարագրել, ապա կասեմ, որ այս ճամփորդությունը սովորողներին տվեց՝

  • ընկերություն, իրար հետ համատեղ կենցաղ վարելու հմտություններ,
  • ֆինանսների կառավարում․ լավ է որ սովորողներն ունեն X գումար և դրա ծախսը իրենք են տնօրինում,
  • պարտաճանաչություն․ մեծ խմբերի դեպքում այս որակի ցուցաբերումը առավել քան կարևոր է, քանի որ հակառակ դեպքում խումբը կտուժի,
  • օտար լեզվով հաղորդակցվելու մշակույթ,
  • ինքնասպասարկում,
  • աշխարհաճանաչողություն, մշակութային տարբերությունների դիտարկում, վերլուծություն,
  • թիմով ներկայանալու, իրար համար հոգ տանելու արժեքներ։

Իրականում բավականին դժվար է այսպիսի մեծ խմբով ճամփորդելն այն էլ արտերկիր, բայց հավատացեք, երբ խմբում ընդգրկված սովորողները ունեն ճամփորդական մեծ պատմություն իրենց արխիվում, դա շատ հեշտացնում է։ Նրանք  դառնում են օգնական։

Հիմա անցնեմ ճամփորդության բաղադրիչներին։

Նախապատրաստական փուլը

Այս փուլն իրականում բավականին հետաքրքիր է և ուսումնական։ Սովորողների փոքր խմբերով իրականացնում ենք ուսումնասիրություններ հետևյալ ուղղություններով՝

  • տոմսերի գներ, հարմար տարբերակների ընտրություն
  • երկիրը՝ պատմական, մշակութային վայրեր, արժեքներ
  • տրանսպորտ։

Այսպիսով սովորողները օտարալեզու աղբյուրներից գտնում են իրենց անհրաժեշտ նյութերը, համեմատում են, համադրում, դառնում են նախագծի կազմման մասնակիցը։ Արդյունքում կազմվում է ճամփորդական նախագիծը իր բոլոր բաղադրիչներով՝ մշակութային, ճանաչողական, աշխարհագրական։

Փառատոնի մասնակիցները պետք է ներկայանան ազգային երգով կամ պարով։ Սա նույնպես նախապատրաստական փուլի բաղադրիչ է։ Ընտրել պար, թիմով աշխատել։ Ներկայանալու էինք երկու պարով․ տղաներ՝ «Ալաշկերտի քոչարի», աղջիկներ՝ «Ծաղկաձորի»։ Շնորհակալ եմ Տիգրան Զոհրաբյանին և Աննա Երիցյանին խմբին պատրաստելու համար։

Նախագծի կազմակերպիչների համար նախապատրաստական փուլը նույնպես բավականին աշխատատար է։ Պահանջվում է աշխատանք յուրաքանչյուր ծնողի հետ, աշխատանք ավիաընկերությունների, ապահովագրական գործակալության հետ։

Կարևոր է փորձառությունը, որպեսզի ցանկացած մանրուք հաշվի առնվի։ Սովորողների համար անհրաժեշտ են ծնողների համաձայնագրեր, ապահովագրություններ, ավիատոմս։ Այս ամենը 30 սովորողի համար բծախնդիր արել է Լուսինե Սարգսյանը։ Շատ լավ է ունենալ այսպիսի գործընկեր, ում հետ ճամփորդական նախագիծը հնարավոր է իրականություն դարձնել։

Ճամփորդության ծրագիրը, բովանդակությունը մշակել եմ ես՝ սովորողների, կազմակերպիչների, Մոնտեներգրոյում էքսկուրսիոն ծրագրեր իրականացնող գիդ Ալեքսեյի հետ համատեղ։

Նախապատրաստական փուլում երևում է նաև սովորողների պատրաստակամությունը, պատասխանատվությունը։

Այս փուլում երևում է նաև ծնողների վստահությունը կրթահամալիրին։ Ծնողական համայնքը մեծ վստահությամբ է վերաբերվում կրթահամալիրում իրականացվող միջազգային նախագծերին և իր երեխայի կրթության համար համար այդպիսի կարևոր ներդրում է կատարում։

Բուն ճամփորդությունը

Միջազգային ճամփորդությունները մեկնարկում են Զվարթնոց օդանավակայանից։ Սովորողների ինքնուրույնության, ճամփորդությամբ ուսուցման ժամանակ ձեռք բերած վերջնարդյունքների  ստուգատեսը  սկսվում է հենց այստեղ։ Տեղերի ամրագրում, անձնագրային հսկիչ կետեր, գեյթ և ինքնաթիռ։ Սովորողների խմբում շատերը կային, ովքեր առաջին անգամն էին այս ամենի միջով անցնում։

Պոդգորիցայի օդանավակայանն այդքան մեծ չէ և հեշտությամբ անցանք բոլոր կետերով, ու շուտով հասանք Դոբրի վոդա՝ Բար շրջանի գյուղերից, որը գտնվում է Ադրիատիկ ծովի ափին։

Փառատոնը

Հուլիսի 12-ին  XXIV International Festival for Dance and Songs BISERNO MORE փառատոնն էր։

Այս տարվա փառատոնն, իհարկե, իր կազմակերպական ձևով և բովանդակությամբ խիստ տարբերվում էր Փարիզում կայացած փառատոնից։ Չկար այն շուքը, հանդիսավորությունը։ Մասնակից երկրներն էին՝ Լեհաստան, Հունաստան, Բուլղարիա, Կանադա, Ուկրաինա, Հայաստան, Հունգարիա։ Խմբերը երաժշտական դպրոցների սաներ են, որոնք ունեն բեմերում ելույթների փորձ, բեմական հագուստ և արվեստ։ Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության սերտիֆիկատներ։ Նախորդ տարի Փարիզում կայացած փառատոնն ավելի պաշտոնակն էր։ Երբ կան մրցանակային տեղեր, մրցակցություն դա ավելի է պարտավորեցնում։

Ինչևէ սա էլ փորձ է, որը կարևոր է սովորողների կյանքում։ Մեր սովորողները կարողանում են հավաքվել ամենապատասխանատու պահերին և շատ լավ ներկայանալ։

 

Ծաղկաձորի
Ալաշկերտի քոչարի

Երկրի ճանաչումը

Մոնտենեգրոն այն երկրներից է, որտեղ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը հայաստանցիները կարող են առանց վիզայի անարգել ճամփորդել։ Ամառային հանգստի համար բավականին լավ ուղղություն է, որտեղ կարելի է մեկտեղել ծովն ու ճանաչողությունը։

Այստեղ տեսնելու շատ բան կա և լավ է, որ նախապես ծրագրում ես ամենը, որպեսզի սովորողների համար բոլոր օրերը լինեն ուսումնական։

7 օրյա ճամփորդական օրերին եղել ենք Բուդվա, Կոտոր, Տիվատ, Հերցոգ Նովի քաղաքներում։ Կարևոր է, որ սովորողները հաղորդակից են դառնում երկրի մշակույթին, տեսնում են ինչպես է պահպանում հինը և ներկայացնում նորովի։

Խոսեմ մեր այցելած վայրերից։

Բուդվան Մոնտենեգրոյի ամենահայտնի քաղաքն է, որը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների իր ծովափերով: Բացի Ադրիատիկի լողափերից, Բուդվան հայտնի է նաև Հին քաղաքով: Բուդվայի պատմական հատվածը շատ փոքր է, ինչպես նաև վերականգնվել է երկրաշարժից հետո: Բուդվայի խորհրդանիշը երկու միաձուլված ձկներն են: Ըստ լեգենդի, ժամանակին՝ շատ վաղուց, երիտասարդ սիրահարներ էին ապրում Բուդվայում ՝ գեղեցիկ Ելենան և որմնադիր Մարկո Միտրովան: Ելենայի հարուստ հայրը չէր ցանկանում դստերը հանձնել աղքատ քարտաշին: Սիրահարները, իրարից բաժանվելու վախից, ձեռք ձեռքի բռնած հին քաղաքի պարիսպից նետվեցին ալեկոծվող ծովը: Ջրին հպվելուն պես նրանք վերածվեցին երկու գեղեցիկ ձկների և այլևս երբեք չբաժանվեցին: Ինքնասպանության  ու դրան հաջորդած հրաշքի ականատեսներն ասում էին. «Թող երկուսը մեկ դառնան» (Ko jedno nek budu dva): Այսպիսով, ըստ լեգենդի,  քաղաքը կոչվեց Բուդվա:

Բուդվան հայտնի է իր կղմինդրե միագույն տանիքներով: Այստեղ շատ չեն պատմական հուշարձանները, բայց շատ են նեղլիկ փողոցները, ինքնատիպ պատմական-ճարտարապետական լուծումներով: Այստեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Բուդվայի ծոց և ժայռոտ Լավչեկի լեռներ:

Կոտորը Չեռնոգորիայի ամենահետաքրքիր քաղաքն է պատմական տեսարժան վայրերի սիրահարների համար: Կոտորում, Հին քաղաքը, որը կառուցվել է Վենետիկյան ճարտարապետների կողմից և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, լավ պահպանված է և շատ գրավիչ: Ավելին, Մոնտենեգրոյի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գրանցված հուշարձանների կեսը գտնվում է հենց Կոտորում: Միայն  Սուրբ Հովհաննեսի ամրոցն արդեն  պատմական մեծ արժեք է ներկայացնում: Այն գտնվում է քաղաքից երկու հարյուր մետր բարձրության վրա և պատված է չորս կմ երկարությամբ պարսպով: Ժայռերի միջից բացվող ծոցը Կոտորի դիրքը դարձնում է աննկարագրելի  շքեղ է: Կոտորի հին քաղաքը բավականին գեղեցիկ է՝ հինը նորովի պահպանած: Առաջին հայացքից Կոտորը աչքի չի ընկնում ճարտարապետական գլուխգործոցներով, բայց մի քիչ առաջ քայլելով տեսնում ես փողոցները  ողջ մանրամասներով:

Լուծումների անսպասելիությունը, համադրությունները, ճաշակը գրավում է ցանկացած զբոսաշրջիկի:

Ունեցանք հետաքրքիր նավագնացություն Բոկո-կոտորյան ծոցում։ Կանգ առանք Պերաստ քաղաքում և սուրբ Աստվածամոր կղզում: Կղզին ինքնաշեն է, որը տեղացիները կառուցել են ավելի քան հարյուր տարի՝ ջուրը քարեր նետելով:

Եղանք նաև երկրի հյուսիսում, որը խիստ տարբեր է Ադրիատիկի ափերի քաղաքներից։ Մի քանի ժամ հետո հայտնվում ես կլիմայական լրիվ այլ գոտում, այլ լանդշաֆտ է։ Օրն անց կացրեցինք Մոնտենեգոյի լեռներում: Քայլեցինք դեպի Սև լիճ: Լիճն ունի սառցադաշտային ծագում, 1416 մ բարձրություն և գտնվում է Դուրմիտոր ազգային պարկում:

Հաջորդ կանգառը Տարա գետի կանյոնն էր: Աշխարհում երկրորդն իր խորությամբ՝ 1300 մ: Վրան կառուցված է Ջուրջևիչի կամուրջը, որը երկար տարիներ եղել է երկրի հարավն ու հյուսիսը կապող միակ ճանապարհը:

 

Առաջարկներ

Արդեն երկրորդ տարին է, ինչ համակարգում եմ միջազգային փառատոնին կրթահամալիրի սովորողների մասնակցության նախագիծը և պետք է փաստեմ, որ սա կարևոր նախագիծ է ինչպես սովորողների համար, այնպես էլ կրթահամալիրի։ Լավ է, որ կրթահամալիրը հայտնի է ոչ միայն հայաստանյան ճամբարներով և հայրենագիտական ճամփորդություններով, այլև արտասահմանյան ծրագրերով, նամանավանդ, որ ծնողները վստահում են և այդ ներդրումն անում են։

Ամեն դեպքում, առաջարկում եմ ևս մեկ անգամ փորձել դեպի սուրբ Ղազար ուխտագնացության ծրագիր, դա կարևոր նախագիծ է, որ սկսել էինք ու լավ կլինի կյանքի կոչենք։ Ունենք փորձ և կարող ենք այլ դեսպանատան միջոցով, փոքր խմբով նախաձեռնել։

Մոնտենեգրոն որպես ամառային ճամբարի ուղղություն։ Կարելի է այս գաղափարն էլ զարգացնել։Կարծում եմ արժե քննարկել և ամեն անգամ նոր մարդիկ ղեկավարեն, բնականաբար ես և Լուսինեն կաջակցենք կազմակերպական և բովանդակային հարցերով։

Սովորողների մասին

Ես ուրախ եմ, որ ունենք այսպիսի սովորողներ, ուրախ եմ, որ մեր աշխատանքը, ջանքը իր պտուղներն է տալիս։ Նրանք ոգևորում են, ուրախացնում, կարեկցում, աջակցում։ Հատիկ-հատիկ շնորհակալություն նրանցից յուրաքանչյուրին այս օրերի համար։

 

  1. Հայկ Աղլամազյան
  2. Յանա Խաչատրյան
  3. Գայանե Բալաբանյան
  4. Ալիտա Ավետիսյան
  5. Մանե Հովհաննիսյան
  6. Սեդա Ստեփանյան
  7. Մանե Բարսեղյան
  8. Մարի Համբարչյան
  9. Մաքս Ավետիսյան
  10. Տաթև Մամիկոնյան

Оставить комментарий