Հրեղեն մայրամուտի երկիրը

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ես սկեցի երազել, իսկ երազանքներս հատիկ-հատիկ իրականություն դառնալ։

Հրեղեն մայրամուտների երկիրը իմ՝ անհնարին թվացող երազանքներից էր։ Պորտուգալիա պետք է գնաս, եթե սիրահարված ես այդ երկրին։ Առանց այդ զգացողության դժվար թե երջանկության զգացումով լցվես, քանի որ սա հակասությունների երկիր է։ Այդ արևաշատ արևմտյան երկիրը, պետք է սիրել, միայն  այդ դեպքում նա քեզ կժպտա։ Չէ՞ որ միայն այն ժամանակ, երբ սիրում ես, կարող ես աչքերդ փակել ու համակերպվել բոլոր թերությունների հետ։

Պորտուգալիան հետաքրքիր պատմությամբ, հոյակապ ամրոցներով, ճարտարապետական ​​հուշարձաններով և իր վառ գույնով երկիր է: Ահա թե ինչու են բոլոր զբոսաշրջիկները սիրում նրան։ Բոլոր նրանք, ովքեր եղել են այս երկրում, նկատել են, որ տեղի սրճարաններն ու ռեստորանները շատ հին են, առանց որևէ խորամանկության, ճաշացանկը գրված է մաշված թղթի վրա, իսկ մատուցողն արդեն կես դար է ապրել։

Պորտուգալական մշակույթը սերտորեն ձուլված է երկրի աշխարհագրության և պատմության հետ: Պորտուգալիան Եվրոպայի ամենահին պետությունն է, և հենց պորտուգալացի ճանապարհորդներն են եղել առաջիններն, ովքեր կտրել անցել են Ատլանտյան օվկիանոսն աշխարհագրական մեծ հայտանագործությունների դարաշրջանում:

Պորտուգալիայի մշակութային ժառանգությունն արտացոլում է աֆրիկյան, ամերիկյան և ասիական ավանդույթները, որոնք ներմուծվել են այն ժողովուրդների կողմից, ովքեր ապրել են այստեղ մինչև պորտուգալական պետության ձևավորումը:

Պորտուգալիան զարմանալի երկիր է․ ամբողջությամբ զգալ և «համտեսել» այն կարելի է նույնիսկ մի երկու օր ապրելով այնտեղ։ Նրա հմայքն այդքան ակնառու չէ, որքան այլ երկրների դեպքում։ Պորտուգալիայում պետք է օգտագործեք ձեր բոլոր զգայարանները, որպեսզի տեսնեք թաքնված հմայքը։ Ի վերջո, այստեղ բավական չէ միայն նայել տաճարին, նայել հսկայական հրապարակին և լուսանկարել ամենահայտնի թատրոնը։

Պորտուգալիան պետք  է զգալ զանազան բույրերով՝ էկզոտիկ ծաղիկներ, ծով, շուկա, համեմունքներ, համեղ ուտելիքներ, տաք օդ, բրիզ։ Ընդ որում, ամեն փողոց, շենք, անկյուն ունի իր բուրմունքը։

Պարտուգալիան պետք է լսել ինչպես երաժշտություն, որը բաղկացած է պորտուգալերեն շշնջացող խոսքի հնչյուններից, լողափում ուրախ ճչոցներից, նեղ փողոցում հին տրամվայի դղրդյունից, ալիքների ձայնից, մայրամուտ դիմավորող զբոսաշրջիկների ծափերից:

Եվ, իհարկե, անհնար է չհիշատակել պորտուգալական կոկտեյլի գաստրոնոմիկ բաղադրիչը։ Պորտուգալիան ոչ միայն գեղեցիկ է, այլև շատ համեղ:

Իսկ ո՞րն է պորտուգալական գեղեցկությունը, ինչպե՞ս հասնել գեղեցիկին։ Կառանձնացնեմ իմ զգայարանները առավել շոյած խորհրդանիշները։

Սալիկները Պորտուգալական խորհրդանիշները

Սալիկները կամ ազուլեժոները պորտուգալական ճարտարապետության անբաժանելի մասն են: Ոչ մի այլ երկրում դրանք այդքան հաճախ չեն օգտագործվել տների, եկեղեցիների, պալատների և շենքերի ճակատներն ու ինտերիերը զարդարելու համար, որքան որ այստեղ: Պորտուգալիայում մահմեդական մշակույթի արմատներով սալիկների արտադրությունը սկսվել է 15-րդ դարի վերջին, սակայն իր գագաթնակետին հասել է 18-րդ դարում, երբ առավել լայն տարածում են գտել կապույտ և սպիտակ սալիկները։

Պորտուգալական սալիկների պատմությանը կարող եք ծանոթանալ Լիսաբոնի ազգային Azulejo թանգարանում, սակայն Պորտուգալիայի համար այս ավանդական դեկորատիվ արվեստի օրինակները ձեր սեփական աչքերով տեսնելու համար անհրաժեշտ է ճանապարհորդել երկրում գնացքով, այցելել պորտուգալական քաղաքներ կամ պարզապես գնալ Լիսաբոնի մետրո:

Cristo Rey + Ponte 25 de Abril

Լիսաբոնում իմ այցելած ամենաանհավանական վայրերից մեկն է․ Տեժու գետի ձախ ափին՝ Ալմադայում՝ հենց Լիսաբոն քաղաքի դիմաց: Cristo Rei-ն իրականում Ռիո դե Ժանեյրոյում  գտնվող Քրիստոսի արձանի մանրակերտն է, որը կանգնեցվել է ի երախտագիտություն նրա, որ Պորտուգալիան Երկրորդ համաշխարհային պատերազմին չմասնակցեց: Սա, անկասկած, իմ տեսած ամենաբարձր հուշարձաններից մեկն է (103 մետր բարձրություն) Տիբիդաբոյից հետո (Բարսելոնա՝ 510 մ):

Արձանին հասնելու համար անցնում ենք եվրոպական ամենաերկար կամուրջով, որն անվանում են Վասկո դա Գամայի կամ Ապրլի 25 կամուրջ։ Այս զարմանալի գեղեցիկ կամուրջը, որի ոչ սկիզբն  է երևում, ոչ էլ վերջը, միացնում է Թեժու գետի ափերը: Նրա երկարությունը 17185 մետր է։ Կամուրջը կառուցել է American Bridge Company-ն։ Դա այն նույն ընկերությունն է, որը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում հայտնի Golden Gate Bridge-ի կառուցմանը:

Անբացատրելի զգացողություններ են պարուրում, երբ սլանում ես եվրոպական ամենաերկար կամրջով և դիմացդ հոյակերտ տեսարան է բացվում։ Երկնքի և ջրի խաղի արտացոլանքը, հսկա արձանից փոխանցվող արարչական ուժը թևեր են տալիս, որ ճախրես վեր, ավելի վեր և հավատաս անհնարինին։

Բելեմ

Սանտա Մարիա դե Բելեմը կամ պարզապես Բելեմը Լիսաբոնի պատմական թաղամասերից մեկն է, որտեղ կենտրոնացած են կարևոր տեսարժան վայրերը: Այս վայրը պարտադիր այցելության վայրերից է: Այն նախկինում եղել է Լիսաբոնի նավաշինարանների և նավահանգիստների վայրը: Այստեղից են 16-րդ դարի նավաստիները ձեռնամուխ եղել դեպի Արևելյան Աֆրիկա, Բրազիլիա և Հնդկաստան ծովային ճանապարհներ բացելու։ Հետագայում առևտրային այդ ուղիները անասելի հարստություն բերեցին Պորտուգալիային, որն օգտագործվեց կառուցելու Հերոնիմի հոյակապ և գեղեցիկ վանքը Բելեմ շրջանի սրտում։ Ի հիշատակ աշխարհագրական մեծ հայտնագործությունների, որոնք հանդիսանում են ժամանակակից աշխարհի հիմքը, 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բելեմ աշտարակը ներառեց Համաշխարհային ժառանգության ցանկում: Բելեմ աշտարակը համարվում է Լիսաբոնի գլխավոր տեսարժան վայրերից  և Պորտուգալիայի Յոթ հրաշալիքներից մեկն է:

Ջուրը

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:

Սահյանի այս տողերը անընդհատ պտտվում էին գլխումս, երբ օվկիանոսի փրփրադեզ ալիքները ուժգին հարվածում էին ժայռերին, ապա հետ էին գնում-հանդարտվում։

Ատլանտյան օվկիանոսը ողողում է Պորտուգալիայի ափերը ողջ երկայնքով։ Այստեղ կտեսնեք ընդարձակ ավազոտ ափեր կամ ժայռերի մեջ թաքնված փոքրիկ ծովախորշեր՝ յուրաքանչյուրն իր ձևով շլացուցիչ գեղեցիկ է: Կան հայտնի և անհայտ լողափեր, վերջիններս գտնվում են վայրի, գրեթե ամայի վիճակում և իրենց մեջ պահում են բազմաթիվ գաղտնիքներ, որոնք պետք է բացահայտել։ Բյուրեղյա մաքրությամբ ջրով օվկինոսը տարբեր երևույթներ է ցուցադրում․ հանգիստ, խաղաղ ապա փոթորկոտ ալիքներ, որոնք  խլացնող շառաչով վազում են հետևիցդ․․․

Տրամվայը

Լիսաբոնը կոչվում է «քաղաք յոթ բլուրների վրա», իսկ «sete colinas de Lisboa» արտահայտությունը փոխաբերական իմաստով նշանակում է ինչ-որ անսասան ճշմարտություն, որը հայտնի է բոլորին և կասկածի տակ չի դրվում:

«Լիսաբոնի յոթ բլուրներ» հասկացությունը աշխարհագրական չէ, այն ոչ միայն Պորտուգալիայի մայրաքաղաքի, այլ, հավանաբար, ողջ երկրի խորհրդանիշն է։ Բլուրների վրա գտնվող այս երկրի մեկ այլ  խորհրդանիշն է տրամվայը, որ վեր ու վար է անում բլուրից բլուր, ապա դեպի գետ, փողոցից փողոց։ Իսկ շարժավարներն ուրախ մարդիկ են, ովքեր սովոր են խենթ զբոսաշրջիկներին և սիրով դառնում են տրամվայի հետ լուսանկարների հերոսը։

Հրեղեն մայրամուտները աշխարհի ծայրում

Օվկիանոսի ուժը, բնության անաղարտ գեղեցկությունը, մայրամուտը աշխարհի ծայրին։

Եվրոպա աշխարհամասի ամենաարևմտյան կետը մի վայր է, որտեղ շունչդ կտրվում է բնության  վեհությունից  ու անձեռակերտ հրաշալիքներից: Այս վայրը կոչվում է աշխարհի ծայր, որտեղ արժե կյանքում գոնե մեկ անգամ լինել։ Աշխարհի ծայրին մայրամուտը հիասքանչ երևույթ է․ բոցավառ արևը դանդաղ իջնում է՝ հրով պատելով երկինք ու երկիր։ Իջնում է, իջնում և ընկնում ջրի մեջ և սուզվում․․․

Շատ զբոսաշրջիկներ սխալմամբ կարծում են, որ Ռոկա հրվանդան իր անունը ստացել է հայտնաբերողի պատվին, սակայն դա այդպես չէ։ Փաստն այն է, որ Եվրասիայի արևմտյան ծայրակետը հայտնի է զառիթափ ափերով, իսկ «ռոկա» բառը պորտուգալերենից թարգմանվում է որպես «ժայռ», որոնցից  այստեղ շատ կա:  

Ծայրակետն իր ժամանակակից անվանումը ստացել է Վերածննդի դարաշրջանում

Պորտուն

Պորտուն հմայիչ քաղաք է Պորտուգալիայի հյուսիսում, հայտնի իր հարուստ պատմությամբ, վառ մշակույթով և ապշեցուցիչ ճարտարապետությամբ: Պորտուն շատերին հայտնի է արբեցնող պորտվեյնով, Լուիշ առաջինի հանրահայտ կամրջով,  Եվրոպայի ամենահին կախարդական Լելլո գրախանութով, բարդ ազուլեժոներով զարդարված հոյակերտ շինություններով։

Պորտուն բաժանվում է երկու մասի՝ կամուրջ և գետի ափ։ Բրազիլական ֆավելոներ հիշեցնող թաղամասով իջնում ես դեպի Դոուրու գետի ափ և այստեղ կյանքը փոխվում է։ Ռիբերիա հրապարակը՝ գույնզգույն շենքերով, գետի ափին պորտվեյից արբող զբոսաշրջիկներով, երաժիշտներով․․․

Իսկ կախարդական մթնոլորտը քաղաքին ապահովում է Եվրոպայի ամենահին գրախանութը։ Լելլո խանութը, կարծես հենց Հարրի Փոթերի գրքի էջերից դուրս եկած լինի։ Ասում են, որ այս մթնոլորտն է ոգեշնչել է Ջ.Կ. Ռոուլինգին խիզախ հրաշագործի մասին լեգենդար պատմությունը գրելու մտքով։

Իսկ ինչ ուտել Պորտուգալիայում

Անհնար է այցելել Պորտուգալիա և չփորձել սարդինա ձուկ: Տապակած սարդինիաները կամ «Sardinhas grelhadas»-ը պորտուգալական գլխավոր դելիկատես են: Դրանք խորովվում են հենց փողոցում՝ գրավելով զբոսաշրջիկներին իրենց հոտով։ Մատուցվում է խաշած կարտոֆիլով և աղցանով, իսկ որոշ հաստատություններում նաև ավանդական «բրո» հացի կտորով:  Սարդինիա ձուկը նաև շատ լավ նվեր է, որ կարող եք գնել խանութից գեղեցիկ տուփով և փաթեթավորմամբ։

Բակալյաու կամ ձողաձուկ։ Սա շատ աղի և լավ չորացրած ձուկ է, որը կարելի է պահել տարիներով։ Հենց այս ձկան շնորհիվ պորտուգալացիները կարողացել են երկար ճանապարհորդություններ կատարել։ Ուստի բակալյաուն իսկական ազգային հերոսուհի է։

Բելեմ այցելուները պետք է իմանան նաև, որ այստեղ է գտնվում ամենահամեղ թխվածքաբլիթների խանութ-սրճարանը։ Pastel de Belém (Pastel de Belém) թխվածքաբլիթները պատրաստել են կաթոլիկ վանականները Լիսաբոնի Սանտա Մարիա դե Բելեմ համայնքում գտնվող Ժերոնիմուշ վանքում՝ 18-րդ դարից առաջ: Վանականները սկսեցին վաճառել այս բլիթները՝ իրենց վանքին աջակցելու համար և 1837 թվականին Բելեմ քաղաքում բացեցին հրուշակեղենի խանութ։ Այն այսօր էլ գոյություն ունի նույն շենքում, նույն տեղում և կոչվում է Pasteis de Belém։

Պորտվեյն։ Գնալ Պորտուգալիա և չփորձել պորտուգալական պորտվեյնը, նույնն է, ինչ լինել Փարիզում և չտեսնել Էյֆելյան աշտարակը։ Պորտո գինին, ֆուտբոլի հետ մեկտեղ համարվում է երկրի խորհրդանիշ։

Թերևս մենք երբեք էլ չէինք իմանա այս աստվածային ըմպելիքի համը, եթե 17-րդ դարի կեսերին երկու խոշորագույն տերությունների՝ Անգլիայի և Ֆրանսիայի, միջև առևտրային վեճեր չբորբոքվեին: Ֆրանսիան արգելեց իր գինու մատակարարումը Անգլիա, որպես դրա շարունակություն, բրիտանացիներն էլ  ստիպված եղան բոյկոտել ֆրանսիական գինիները։ Բայց մառախլապատ ալբիոնի բնակիչները երկար  չկարողացան մնալ առանց իրենց սիրելի խմիչքի և ստիպված եղան շտապ փոխարինող փնտրել: Շուտով այն գտան Պորտուգալիայում։ Պորտուգալական գինին երկար ճանապարհին չէր դիմացել և ի մեծ դժգոհություն բրիտանացիների, փչացած ու սպառման համար բոլորովին ոչ պիտանի էր տեղ հասել:Սակայն գինեգործներից մեկի մտքով անցավ գինու կաղնե տակառների մեջ սպիրտ ավելացնել, ինչը դադարեցրեց խմորման գործընթացը։ Իսկ ճամփորդության ավարտին ստացվեց թունդ քաղցր գինի, որը շատերին դուր եկավ։ ՈՒ քանի որ այն ներմուծվել էր  Պորտո քաղաքից, ուստի և կոչվեց «պորտ գինի»։

Տարին մի անգամ այցելիր մի վայր, որտեղ երբեք չես եղել․․․

Оставить комментарий