Հորդանանն իսկապես նման է արաբական հեքիաթի՝ հին պատմության, մշակութային հարստության և ապշեցուցիչ լանդշաֆտների զարմանալի համադրությամբ, որոնք ուղղակիորեն դուրս են գալիս արևելյան լեգենդների էջերից:
Երկիրն ինձ հիացրել է, ոգեշնչել, գայթակղել է ու հաճույք պատճառել, ցասումով է լցրել, ապա ընդարմացրել։
Հորդանանը գրավում է իր ճարտարապետական գլուխգործոցներով, անծայրածիր անապատներով, քաղաքներով և տեղի բնակիչների հյուրընկալությամբ։
Հորդանանն այն երկիրն է, որտեղ հնագույն քաղաքները, կախարդական անապատները և ջերմ հյուրընկալությունը ճամփորդությունդ վերածում են իսկական արաբական հեքիաթի։ Լինի դա Պետրայի ավերակները, գիշերը Վադի Ռումում միլիարդավոր աստղերի տակ զբոսնելը, Մեռյալ ծովի ջրերում ընկղմվելը, թե Ամմանի փողոցներով քայլելը։ Հորդանանն իմ հոգում թողել է հնագույն մոգության, անմոռանալի արևելյան հմայքի և արկածախնդրության զգացում:
Այս նյութով ուզում եմ Ձեզ էլ փոխանցեմ իմ զգացողությունները։
Պետրա՝ վարդագույն քաղաք
Գլխավոր տեսարժան վայրը հնագույն Պետրա քաղաքն է, որն ավելի քան երկու հազար տարի առաջ փորագրվել է վարդագույն ժայռերի մեջ՝ Նաբաթեացիների կողմից: Այս եզակի քաղաքն իր տաճարներով, ամֆիթատրոններով ու դամբարաններով կարծես փորագրված լինի առասպելներից ու լեգենդներից: Քայլելով Սիքի նեղ կիրճով, դուք կտեսնեք փառահեղ տեսարան դեպի հայտնի Ալ Խազնե տաճարը, որը Պետրայի խորհրդանիշն է: Այս վայրի մթնոլորտը մոգության զգացում է տալիս հատկապես մայրամուտին, երբ ժայռերը շողշողում են վարդագույնի և ոսկեգույնի տաք երանգներով:
Պետրայի հայտնաբերումն ինքնին բավականին վիճահարույց է, որովեհտև շատերը կասկածի տակ են առնում այն դրույթը, որ այն կորսյալ էր: Կա մի վարկած, որի մասին կկիսվեմ այս նյութում։
Պետրան լքված էր, բայց գրեթե վստահաբար կարելի պնդել, որ դրա գոյության մասին քաջատեղյակ էին տեղացի քոչվոր ցեղերը: Ամեն դեպքում, առնվազն Արևմտյան գիտության համար այն կորած էր մոտ 1000 տարի: Պետրան մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ ՄԹ 103 թվականին: Անապատում կերտված այս քաղաքը ծաղկում էր մինչև ավերիչ երկրաշարժը չավիրեց քաղաքի ջրամատակարարման համակարգը: Քանի որ մոտակայքում այն ժամանակ այլ քաղաքներ էլ կային, ապա բնակչությունը որոշեց ջրամատակարարման համակարգը վերականգնելու փոխարեն պարզապես լքել Պետրան և այլ քաղաքներում հաստատվել: Այդ ժամանակվանից ի վեր քաղաքը թողնվեց անապատին և այն դեպի իրեն էր ձգում միայն հետաքրքրասեր ճանապարհորդներին և դամբարանագողերին: Մեր օրերում այն վեր է ածվել Մերձավոր Արևելքի կարևորագույն հնեաբանական վայրերից մեկի: Քաղաքի բացառիկությունը կայանում է նրանում, որ այն կիսով չափ բաղկացած է սովորական շինություններից, իսկ կիսով չափ էլ՝ ժայռերի մեջ փորված շինություններից։












Վադի Ռում ՝Լոուրենս Արաբիայի անապատում
Վադի Ռում անապատը, որը նաև հայտնի է որպես «Լուսնի հովիտ», տպավորիչ է իր այլմոլորակային լանդշաֆտներով։ Կարմիր ավազները, բարձր լեռնաշղթաները և հնագույն ժայռապատկերները այս վայրը դարձնում են առեղծվածային: Տեղի բեդվիններն առաջարկում են ճանապարհորդներին խորասուզվել իրենց մշակույթի և ապրելակերպի մեջ։ Գիշերային ջիպ տուր և գիշերակաց ավանդական ճամբարներում աստղային երկնքի տակ։ Քեզ զգում ես արևելյան հեքիաթի հերոս՝ ով մեկնել էառեղծվածներով և արկածներով լի հեռավոր մի երկիր։ Բեդվինների հյուրընկալության մշակույթն էլ անապատի անբաժան մասնիկն է։
Բեդվինները հնագույն սովորույթների և մշակույթի պահապաններն են, և շատ ճանապարհորդներ հաճույք են ստանում նրանց հետ շփվելուց, նրանց ավանդույթներին, պարերին, երաժշտությանը և խոհանոցին ծանոթանալով: Հյուրընկալությունը ոչ միայն մշակույթի մի մասն է, այլ իսկական ապրելակերպ, որը ջերմության և հարմարավետության զգացում է ստեղծում նույնիսկ անապատում:






Ամմանը պատմությամբ ժամանակակից քաղաք է
Հորդանանի մայրաքաղաք Ամմանը արդիականության և պատմության ներդաշնակ համադրություն է: Այստեղ դուք կարող եք տեսնել հռոմեական թատրոնը, հնագույն միջնաբերդը և հին շուկաները ժամանակակից սրճարանների, ռեստորանների և առևտրի կենտրոնների կողքին: Քաղաքն առաջարկում է ոչ միայն մշակութային ժառանգության մեջ ընկղմվել, այլև հարմարավետ պայմաններ իրական Հորդանանը ճանաչելու համար: Մայրաքաղաքում մեր գիշերային զբոսանքները հնարավորություն տվեցին տեսնելու մարդկանց ապրելակերպը, զգալու քաղաքային կյանքի շունչը։
Ջերաշ՝ Հին հռոմեական ժառանգություն
Ջերաշը, որը կոչվում է Արևելքի Պոմպեյ, աշխարհի լավագույն պահպանված հռոմեական քաղաքներից մեկն է։ Նրա սյունաշարերը, տաճարներն ու ամֆիթատրոնները կենդանանում են ամենամյա փառատոնի ժամանակ, որը ներառում է թատերական ներկայացումներ, շքերթներ և հռոմեական մարտերի վերարտադրություն: Ջերաշով շրջելով՝ քեզ թվում է, թե տեղափոխում են հին ժամանակներ՝ շրջապատված հին ճարտարապետության վեհությամբ։









Մեռյալ ծով՝ աղ և բնության ուժ
Մեռյալ ծովը Հորդանանի ամենազարմանալի բնական տեսարժան վայրերից մեկն է,որը պարուրված է խաղաղությամբ և լռությամբ, ունի բուժիչ հատկություններ և եզակի բնական ռեսուրսներ, որոնք դարեր շարունակ գրավել են ճանապարհորդներին: Այստեղ դուք կարող եք հանգստանալ՝ վայելելով բուժիչ ջրերը,հայտնի առողջաբեր ցեխը։
Հորդանան գետ՝ տնօրինական սրբավայար
Երբեք չեմ պատկերացրել, որ երբ ոտքերս թրջվեն Հորդանան գետի ջրերում, հուզմունքի այդպիսի զգացողություններով կպարուրվեմ։ Այս վայրում խաղաղություն և ներդաշնակություն է տիրում, զգում ես աստվածային շունչը և հավատդ առ աստված հազարապատկվում է։
Այս ճամփորդության ժամանակ բոլոր զգայարաններս լարված էին՝ զգում էի բույրերը, տեսնում էի անտեսանելին, լսում էի ձայները։





