Անկախության իմ խորհրդանիշները

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Թումանյան Հովհաննեսն ինչ գիտեր մեկ դար առաջ, որ աչքներս կարոտով է նայելու լեռներին, ու լեռների կանչն այնքան ուժգին է դառնալու, որ սիրտն է նույնիսկ ականջալուր լինելու այդ ձայներին: Մայիսյան այս օրերին տիարի գիրը յուրատեսակ կանչ  դարձավ, որ  փորփրեմ հիշողությունների ու մեդիայի արխիվներս ու վերհիշեմ, ինչպես սկսեցի գագաթների նվաճումը և ինչպես փոխվեց անկախության իմ խորհրդանիշը:

2012 թվական՝ մայիսի 28՝ Ծաղկեվանք

472544_307000006042665_1169912289_oԿրթահամալիրում աշխատում եմ ընդամենը երեք ամիս: Այդ օրերին եռուզեռ էր. բոլորը պատրաստվում են ճամփորդելու: Ավագ և Միջին դպրոցների ղեկավար Մարիետ Սիմոնյանն առաջարկեց մի խմբի էլ ես առաջնորդեմ դեպի բարձունքներ՝  «Հանրապետության օրեր. բարձունքի նվաճում» նախագծով: Մեր երկխոսությունը երևի երբեք էլ հիշողությունիցս չջնջվի, քանզի նրա այդ վստահությունն էր, որ սկիզբ դրեց  ճամփորդական իմ ուղուն:

Շնորհակալ եմ, տիկին Մարիետ ջան:

Պայմանավորվեցինք, որ  հաղթահարելու ենք Ծաղկեվանքի բարձունքը: Այդ պահին միայն ես գիտեի, որ առաջին անգամ եմ լսում տեղանունն ու պատկերացում էլ չունեի, որ տարածաշրջանում է գտնվում, ուր մնաց թե, խումբ տանեմ, բայց իհարկե այդ մասին լռեցի ու վստահ համաձայնվեցի: Մինչ ես մտքումս խառնված ուզում էի անելիքներս կարգավորել, Տիկին Մարիետը Մարմարյա սրահում հայտարարեց, որ ցանկացողները մոտենան ու հայտագրվեն: Կես ժամ էլ չէր անցել, խումբս հավաքվեց: Առաջին անգամ պետք է ինքնուրույն արշավ կազմակերպեի, տեղն էլ չգիտեի, վախն ու պատասխանատվությունը համակել էին ինձ: Շնորհակալություն ամենահաս համացանցին, փորձառու վարորդին, քանզի տեղն էլ գտանք, մինչև մատուռն էլ հասանք ու ամեն բան այնքան լավ անցավ, որ մինչև օրս էլ հիշում եմ այդ ճամփորդությունն ու ապրումներս: Հիշում եմ` ինչպես էինք մտերմանում սովորողների հետ ամեն հաջորդ քայլն անելիս: Հենց այդ մտերմությունից էլ ծնվեց վստահությունը, ընկերությունը.Տաթև Բերակչյան, ով հիմա արդեն մայրիկ է, Ժաննա Ջեյրանյան` բոլորին հայտնի խենթ Յուկան, մարդիկ են, ովքեր  շարունակում են մնալ ընկերներիս ցանկում: Ծաղկեվանքն էլ` որպես առաջին բարձունք…

2012 թվական՝ սեպտեմբերի 21՝ Արմաղան

393589_439775846064079_1653393122_n (1)Արդեն ճամփորդական փորձ ունեի (ողջ ամառ ճամփորդել էինք՝ Արատես՝ Սմբատաբերդ ու Ցախաց քար, «դասարան անիվների վրա» նախագծով Սևանի բոլոր լողափերը, սեպտեմբերի 1-ին էլ՝ Հավուց Թառ ) ու ավելի բարձր վերելքների անհագ ցանկությունը տարավ  դեպի Արմաղան՝ «Անկախության տոնը բարձունքին» նախագծով:

Ինձ համար ամենասիրուն լեռներից մեկն է Արմաղանը: Վերելքը դժվար էր, բայց տպավորիչ. կիզիչ արև, մեղմ քամի, մեկ էլ անձրև է թափվում, բայց գագաթին հասնելու ցանկությունը շատ մեծ է. ա՜խ ինչ տեսարան է բացվում՝ խառնարանային ծագման լիճն իր ողջ հմայքով, իսկ մի քիչ էլ որ հեռուն ես նայում, Սևանն է նշմարվում: Արխիվային այս փնտրտուքները տարան դեպի սովորողներիս բլոգներ: Հաճույքով կարդացի ու վերհիշեցի ճամփորդապատումները.

Լիանա Առաքելյանի պատումն արժե վերընթերցել. «Ի՜նչ նվաճել, ի՜նչ բան. ամեն անգամ սար բարձրանալուց հետո համոզվում եմ, որ սարը մենք չենք նվաճում, այլ նա մեզ… Արմաղանն էլ բացառություն չէր»:

«Արկածախնդիր վայրէջքից հետո, մենք կրկին գնացինք Մադինա, որտեղ մադինեցիները  սպասում էին մեզ մեծ հյուրասիրությամբ: Մենք ճաշակեցինք տաածաշրջանի ամենաընդունված և սիրված ուտեստներից մեկը`փռան կարտոֆիլը, որի համը շատ համահունչ էր տեղի բնաշխարհին» : Այսպիսի պատում Լիլիթ Մելքոնյանից:

Բնապահպանական առաջին գործնական ուսումնասիրություններս էլ հենց Արգիճի գետի խնդրից սկսվեց:

2013 թվական՝ սեպտեմբերի 21՝ Արտանիշ

40Արմաղանը Սևանի արևմտյան պարիսպների՝ Գեղամա լեռների, հրաբխային գագաթներից է: Արտանիշը ծալքաբեկորավոր լեռ է, լճի հյուսիսարևելյան ափին բազմած։ Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից, գագաթից աչքիդ առաջ բացվում են Մեծ և Փոքր Սևանները: Քեզ ծովերի տիրակալ ես զգում: Այս գագաթը նվաճելու գնում էինք  Էկո-հայրենագիտական ակումբի մեր համերաշխ թիմով:Լուսանկարներն էլ կարծում եմ փոխանցում են այն տրամադրությունը, որը տիրում էր բարձունքը հաղթահարելիս:

«Դեպի լեռնագագաթ բարձրանալու ճանապարհն այնքան էլ հեշտ չէր, բայց մենք միահամուռ  կերպով բարձրացանք մինչև գագաթ: Շատ յուրահատուկ ավանդույթ է ստեղծվել մեր կրթահամալիրում. Հայաստանի տոնը նշում ենք մեր բնաշխարհի որևէ գագաթին»: Անի Մանուկյանի ճամփորդական նոթերից մի հատված է:

2014 թվական՝ սեպտեմբերի 21՝ Արմաղան

IMG_9533Այո’,այո՛, էլի Արմաղան: Այս անգամ գիշերումով մադինացիների ընտանիքներում ու տիար Բլեյանի և փոքրիկ Դավիթի ուղեկցությամբ: Դավիթը, կարծեմ երկու կամ երեք տարեկան էր, ով մի վայրկյան անգամ անհանգստություն չպատճառեց խմբին, մեծի պես ապրեց մեզ հետ Մադինայում: Արմաղանի նվաճումը բարդ ստացվեց՝ անձրևին հաջորդում էր կարկուտը, քամին, բայց մենք ավելի հզոր էինք. կրթահամալիրի ու Մադինայի սովորողներն ու ուսուցիչներս՝ մի մեծ խմբով, խոսք ու զրույցով հասանք գագաթին: Ապշած էի. լիճը չորացել էր: Նախորդ տարվա հիացմունքս հիշողություններումս էր, լիճը գրկելու ցանկությունս՝ մեծ, բայց ավաղ, մայր բնության դեմ մենք անզոր ենք:

2015 թվական՝ սեպտեմբերի 21՝ Կարկտասար

Ճամփորդելիս միշտ փորձել եմ յուրահատուկ վայրեր գտնել, վայրեր, ուր քչերն են եղել, դա ինձ ոգեշնչում էր: Կարկտասարն էլ այդպիսի գագաթներից էր՝ Արեգունու լեռներում: Անի Սարգսյանի ֆոտոխցիկը բաձունքների 176հաղթահարման ու մեր ճամփորդությունների անբաժան մասը դարձավ:

Բլոգային արխիվներում գտա նաև Սուրեն Կարապետյանի՝  ճամփի ամենահումորով ընկերոջս, ճամփորդապատումը. «Սեբաստացիական իմ կյանքում տարբեր բարձունքներ եմ նվաճել ու ամեն անգամ զգացողությունները տարբեր են եղել։Օրինակ անցյալ տարի ընտրել էինք Արմաղան գագաթը, որը հեռվից փոքրիկ կոն է երևում, բայց երբ բարձրանալիս ուղեկցում է անձրևն ու կարկուտը, ու միևնույնն է չես ուզում նահանջել, ուզում ես շարունակել մինչև գագաթ՝ երանելի խառնարանային լիճը տեսնելու, դա անբացատրելի է»:

2015 թվականին առաջին անագամ ճամփորդեցինք դեպի Թռչկան ու այն թեքեց իմ հայացքը լեռներից: Թռչկանը դարձավ անկախության տոնի իմ խորհրդանիշը:

  1. Եթե Թռչկանի ՀԷԿ-ը կառուցվեր…
  2. Դեպի Թռչկանի ջրվեժ

2016 թվական՝ սեպտեմբերի 21՝ Թռչկան

2017 թվական՝ սեպտեմբերի 21՝ Թռչկան

2018 թվական՝ սեպտեմբերի 21՝ Թռչկան

2019 թվական՝ սեպտեմբերի 21՝ Թռչկան

Մի բան է, երբ սարեր ես նվաճում, մի այլ բան, երբ այդ նույն սարերով, ոլորապտույտ ճամփեքով հասնում ես ժայռերի մեջ թաքնված գեղեցկուհուն:  Թռչկանի գովքը շատ ենք արել, շատ ենք հիացել ու հիացրել: Ես ամեն անգամ  յուրովի եմ վայելել պահն այնտեղ ու օծվել նրա սառը ջրերում:

Թռչկանի գովքը՝ տարբեր տարիների ընտրանիում.

Նինա Կարապետյան . «Ողջույն, ես Նինան եմ։ Մեկ ամիս է, ինչ սովորում եմ կրթահամալիրում, բայց արդեն հասցրել եմ օգտվել ճամփորդելու և Հայաստան աշխարհը ճանաչելու կրթահամալիրի ընձեռած հնարավորությունից: Հաղթահարել եմ դեպի Հավուց Թառ տանող բարձունքը, մկրտվել եմ Արագածի գագաթին։Ճամփորդական օրագրումս ավելացնում եմ Թռչկանի ջրվեժը։ Անկեղծ ասած այս ընթացքում կատարած ճամփորդություններիցս, այս մեկը ամենաէքստրեմալն ու հետաքրքիրն էր»:

Ֆելիքս Եղիազարյան. «Վերջապես մենք տեղ հասանք: Սակայն մինչև ջրվեժին հասնելը մենք պետք է գետի միջով էլ անցնեինք: Թռչկանը շատ գեղեցիկ էր:Այն ունի մոտ 25 մ բարձրություն: Ջրի ձայնը խլացնում էր ամեն ինչ, իրար դժվարությամբ էինք լսում։ Քաղաքի աղմուկը, մեքնաների ձայները փոխարինվել էր ջրի շառաչով»։

Եվա Սարգսյանի բլոգից. «Ուզում եմ ձեզ տեղափոխել էմոցիոնալ դաշտ ու կիսվել իմ զգացողություններով: Երբ առաջին անգամ տեսա հրաշք Թռչկանը, զգացի բնության անսահմանությունը, գեղեցկությունը: Բնության այդ հրաշքը տեսնելուց հետո, մինչև հիմա իմ բանականության մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող էր մարդկանց մտքով անցներ վերացնել այն: Աննկարագրելի զգացողություն էր, երբ ես զգում էի այդ ջրի սառը կաթիլները իմ ոտքերի վրա և լսում բնության ու ջրվեժի հանգստացնող ձայնը»:

Ամիկ Քէշիշեան. «Տեսարանը միանգամից հիացմունք պատճառեց, ինչքան էլ  ջրվեժով հիանալու ժամանակ շատ չէր, միևնույնն է պատրաստ էի մի ամբողջ հավերժություն վայելել այդ տեսարանը»։

«Հանրապետության օրեր. բարձունքի նվաճում» կրթահամալիրյան նախագիծն ինձ համար ամենից գրավիչն է: Բոլոր տարիքի սեբաստացիները սփռվում են Հայաստանով մեկ՝ սարերից ու բլուրներից, ամենատարբեր բարձունքներից ծածանում  եռագույնը, միասնական ընթերցումներով, ազգային երգ ու պարով շնորհավորական ողջույններ են հղում Հայաստանին:

Բարձրացիր լեռան գագաթը ոչ թե այն բանի համար, որ աշխարհը քեզ ճանաչի, այլ որ դու ճանաչես աշխարհը։ Գաղտնիք չէ, որ ճամփին են մարդուն ճանաչում, բացահայտում: Այնքան ուրախ եմ, որ այդքան ճամփաներ եմ գնացել, ճանաչել եմ աշխարհն ու մարդկանց և հիմա ճամփորդ-սովորող-ընկերների մի մեծ բանակ ու հիշողությունների հսկա մեդիաարխիվ ունեմ:  Ճամփով փորձված ընկերություն, մարդկային անշահախնդիր հարաբերություններ, բացահայտումներ ու աշխարհաճանաչում… էնքան հպարտ եմ…

Իսկ անկախության իմ խորհրդանիշներն են՝ աշխարհը բացահայտելը, ընտրությունը, ազատությունը, ժամանակը, մարդը…

2 Comments

Ответить на Հարությունյան Մարգարիտ Отменить ответ